ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Մհեր Մկրտչյանի երբևէ չհրապարակված լուսանկարները

Մհեր Մկրտչյանի երբևէ չհրապարակված լուսանկարները
24.03.2014 | 17:40

«Ի՞նչ է լինելու սրա վերջը»,- ինչ-որ բանից նեղսրտված` ասում է Թամար Հովհաննիսյանը: Մհեր Մկրտչյանը, կնոջ հարցին ի պատասխան, երկար դադար է տալիս ու ասում. «Հիշողություն»:

Կինոգետ ԶԱՎԵՆ ԲՈՅԱՋՅԱՆԻ նախաձեռնությամբ առաջիկայում լույս կտեսնի Մհեր Մկրտչյանին նվիրված գիրք-ալբոմ, որում ընդգրկված են երբևէ չհրապարակված 250-300 լուսանկարներ` զուգորդված մեկնաբանություններով: Լուսանկարները Թամար Հովհաննիսյանի անձնական արխիվից են: Գիրքը կվերնագրվի «Չտեսնված Մհերը»: Կհրատարակվի հայերեն, ռուսերեն, անգլերեն:
«Իրականում խոսքը երեք գրքերի մասին է, որոնց զուգընթաց կնկարահանվի մեկ կամ երկու ֆիլմ: Երկրորդ գրքում Թամար Հովհաննիսյանի հուշերն են: Իսկ Մհեր Մկրտչյանն այնպիսի լեգենդար անձնավորություն է, որ նրա կյանքին վերաբերող ամենաչնչին մանրամասներն անգամ հետաքրքիր են և բովանդակային,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Զավեն Բոյաջյանը:- Երրորդ գիրքը կներկայացնի Մհեր Մկրտչյանին որպես արտիստի: Վերջին տարիներին շատ գրքեր են լույս տեսել նրան վերաբերող, բայց ոչ բոլորը պատշաճ մակարդակ ունեն: Զվարճալի հուշերով, անեկդոտապատումներով են հաճախ ներկայացնում նրան, մինչդեռ խոսքը 20-րդ դարի հայ խոշորագույն դերասանի մասին է»:
«Անտարես» հրատարակչության տնօրեն ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ նշեց, որ մոտ տասը տարի առաջ հետազոտություն են անցկացրել, թե ում հետ են նախկին Խորհրդային Միության ժողովուրդներն ասոցացնում Հայաստանը. 90 տոկոսը պատասխանել է` Ֆրունզիկի։ Երկրորդ տեղում Ազնավուրն է եղել, երրորդում` Ջիգարխանյանը: Ֆրունզիկի մասին ձեռնարկ ունենալու միտքն այդ ժամանակ է ծագել: «Աուդիո գիրք ենք նախատեսում, որը պետք է շարժվի, լսվի, խոսի, ապրի»,- ընդգծեց հրատարակիչը:
«Նա մի գիրք էր, որը մինչև հիմա կարդում եմ»,- ասաց արտիստի կինը: Հարց հնչեց` գրքերում պատասխան տալո՞ւ է այն մեղադրանքներին, որ Մհեր Մկրտչյանին դժվար շրջանում մենակ է թողնել, հեռացել:
Թամար Հովհաննիսյանն ասաց, որ ոչ մեկին պատասխան տալու մտադրություն չունի, թեև գրքերը տեղը կդնեն անպատասխանատու հայտարարություններ անողներին, և ընդգծեց, որ Մհեր Մկրտչյանին իր կենսագրությունից հանել չեն կարող:
Անդրադառնալով «Իրատես de facto»-ի` «Ինչպե՞ս եք վերաբերվում այն մեկնաբանություններին, որ հնչում են ռուսական հեռուստատեսությամբ և կարծիք են ձևավորում նաև հայ հանրության շրջանում» հարցին, Թամար Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես շատ չեմ ծավալվի այդ թեմայի շուրջ: Թող կոպիտ չհնչի, չգիտեմ` իմ բացակայությո՞ւնն էր պատճառը, թե ուրիշ մի բան, նրան թող լավ ծախվող ապրանքի տեղ չդնեն: Դա նույնպես իր տեղը կընկնի»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1694

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ